6 հունիսի 2013 - 12:00 AMT
2014թ. հունվարի 1-ից Հայաստանում կներդրվի աշխատավարձերի նոր սանդղակ

ՀՀ կառավարությունը հունիսի 6-ի նիստում հավանություն է տվել օրինագծին, որով 2013թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կբարձրանա 30 տոկոսով, 35 հազար դրամից հասնելով 45 հազար դրամի: Ինչպես նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կառավարության այս քայլը իրականացվում է մի ծրագրի շրջանակներում, ըստ որի մինչև 2017 թվականը նվազագույն աշխատավարձի չափը պետք է կրկնապատկվի, հաշվի առնելով մակրոտնտեսական ցուցանիշներն ու բյուջեի կատարողականը: Գերատեսչության ղեկավարը հավելել է, որ ծրագրի իրականացումը կպահանջի պետբյուջեից լրացուցիչ 6 մլրդ դրամ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ նախատեսվում է 2014թ. հունվարի 1-ից ներդնել Հայաստանում աշխատավարձերի հաշվարկման նոր սանդղակ, որի համար նախատեսվում է հատկացնել 50 մլրդ դրամ: