Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում ընդունել է Մալթային: Ընտրական B խմբի հետնապահների մրցավեճում առայժմ նվազագույն հաշվով հաղթում է Մալթան:
Թեև առաջին իսկ րոպեներից հիմանականում հայ ֆուտբոլիստներն էին գրոհում, բայց արդեն 8-րդ րոպեին Միխալ Միֆսուդը օգտվեց պաշտպանների սխալից ու գրավեց Ռոման Բերեզովսկու դարպասը: Բաց թողած գոլից հետո էլ Վարդան Մինասյանի սաները շարունակեցին տիրել տարածքային նախաձեռնությանը, բայց ոչ մի կերպ չէին կարողանում վտանգավոր պահ ստեղծել մրցակցի դարպասի մոտ:
Հայաստանի հավաքականի պաշտպանությունը շարունակում էր ճեղքել թույլ տալ, Միֆսուդը հեշտությամբ շրջանցում էր մի քանի հայ պաշտպանների: Արդեն խաղակեսի միջնամասում Մալթան կարող էր կրկնապատկել հաշիվը, բայց հարմար դիրքում հայտնված Կլիտոն Ֆաիլան գլխով բարձր հարվածեց:
Հայերն անընդհատ մոտենում էին մրցակցի դարպասին, բայց կատարել վերջին հարվածը չէր ստացվում: Տուգանայինում նրանց նկատմամբ խսիտ հսկողություն էր իրականացվում, այդ պատճառով էլ փորձեցին հեռահար հարվածներով անակնկալի բերել մրցակցին: Ամենավտանգավորը Էդգար Մանուչարյանի հարվածն էր, բայց դարպասապահ Ջասթին Հաբերին հաջողվեց գնդակը դուրս բերել անկյունային:
Այնուհետև հայ ֆուտբոլիստները գեղեցիկ խաղարկեցին տուգանայինը, բայց Դավիթ Մանոյանի փոխանցումից հետո Հենրիխ Մխիթարյանի հարվածը փակեց պաշտպանը: Հետո արդեն Կառլեն Մրտչյանն էր հարմար դիրքում հայտնվել, բայց նրա գլխով հարվածն ընթացավ աննշան շեղությամբ:
Առաջին կեսում Հայաստանի ընտրանուն այդպես էլ չհաջողվեց խփել պատասխան գնդակը, բայց առջևում դեռ 45 րոպե կա և նրանք կարող են խաղի ընթացքը փոխել իրենց օգտին: