8 հունիսի 2013 - 15:31 AMT
ԼՂՀ-ի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է ԵԽ պատգամավորների հետ

Կարճաժամկետ այցով Բրյուսելում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորների հետ: Նա հանդիպել է նաև Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար, Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ, Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության բյուրոյի անդամ Էլենի Թեոխարոսի և Կանաչներ-Եվրոպայի ազատական միության խմբի փոխնախագահ Միշել Ռիվազիի հետ:

Հանդիպումների ժամանակ տեղի է ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ տեսակետների փոխանակում: Քննարկվել են նաև եվրախորհրդարանականների խմբի՝ վերջերս Արցախ կատարած այցի արդյունքները: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը հետաքրքրվածություն է արտահայտել նման կապերի շարունակման և խորացման մեջ:

Այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը հանդիպումներ է ունեցել նաև բրյուսելյան ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների ու Բելգիայի հայկական համայնքի ղեկավարների հետ: