8 հունիսի 2013 - 16:30 AMT
ԿԱՐԾԻՔ
Հայաստան-Մալթա. «Պայքար լրագրողական դաշտում»` պարտվողները մենք էինք

Սպորտը մոռացնել է տալիս ամեն ինչ, ստիպում մի որոշ ժամանակ վերանալ աշխարհից ու երկրպագել: Կրկնակի հաճույք ու անբացատրելի զգացողություններ ես ունենում, երբ հետևում ես քո երկրի ներկայացուցիչներին: Ամեն մի մարզաձև էլ իր երկրպագուններն ունի, սակայն ֆուտբոլի մասսայականության մասին երկու կարծիք լինել չի կարող:

Չնայած երեկվա Հայաստան- Մալթա խաղին հանրապետական ստադիոնը կիսադատարկ էր, բայց միևնույն է, մեր հավաքականի խաղին սպասում էին շատերը: Եվ սպասում էին, իհարկե, հաղթանակի. «Հաստատ կհաղթեն մերոնք, բա ամոթ չի՞ Մալթայից էլ պարտվենք»,- ասում էին գրեթե բոլորը:

Փաստորեն պարտվեցինք ու փաստորեն «ամոթ» է:

Բայց սրա մասին չէ, որ ցանկանում ենք գրել:

Երեկ հանրապետական ստադիոնում հենց մեր կողքին նստած էին Մալթայից ժամանած լրագրողները: Մինչ խաղը նրանք կարծես արդեն պատրաստվել էին պարտությանը, սակայն ամեն ինչ փոխվեց գոլից հետո: Ու այդ պահին մենք հիշեցինք 2010 թվականի Հայաստան- Սլովակիա հանդիպումը:

Այդ օրը ևս սլովակ լրագրողները մեզ մոտ էին նստած: Խաղը սկսվեց, անցան րոպեներ ու նրանց թիմը բացեց խաղի հաշիվը: Լրագրողներից մեկը վեր թռավ, ուրախացավ, ու չգիտես ինչու, սկսեց գոռալ մեզ վրա, ջղայնանալ ու մի տեսակ կռվի մեջ քաշել: Մենք էլ հանկարծակիի եկած սկսեցինք հայերենով պատասխանել նրան… Նա սլովակերեն, մենք հայերեն, մինչև որ մյուս լրագրողը մի կողմ տարավ իր գործընկերոջը:

Մենք զայրացած այդ տղամարդու պահելաձևից մի բան էինք երազում, որ մեր տղաներն անպայման գոլ խփեն: Ու մի տեսակ այդ հաղթանակի ցանկությունը կրկնապատկվել, եռապատկվել էր մեր մեջ: Ու հանկարծ… գոլ, մենք ցնծում ենք, այո, այդ գոլը խփեց Հայաստանի հավաքականը, բայց այն նաև մերն էր, քանի որ սլովակ լրագրողին մենք ապացուցելու բան ունեինք:

Անցավ ժամանակ ու կրկին գոլ, հետո եղավ նաև երրորդ գոլը, ու «մեր սլովակն» արդեն նույնիսկ չէր խոսում: Փոխարենը մենք էինք հպարտ, ուրախ ու ուժեղ զգում մեզ: Այո, մեր ֆուտբոլի հավաքականը թույլ տվեց մեզ` լրագրողներիս, հաղթանակի մեջ ունենալ նաև մեր բաժինը, երբ այդ նույն սլովակը շնորհավորեց մեզ ու գովեց մեր ֆուտբոլիստների խաղը:

Լարված, ջղային, նյարդայնացած, բայց և ուրախ ու հպարտությամբ լի այսպիսի խաղ մեր հավաքականը մեզ չէր նվիրել: Այս ամենը մինչ այսօր ոչ ոք բացի մեզնից չգիտեր: Բայց երեկ մալթացի լրագրողի ուրախության աղաղակները հիշեցրին սլովակին: Մենք մի ցանկություն ունեինք, որ կրկնվեր 2010-ի հաղթական ավարտն ու կրկին հնչեին շնորհավորանքներ: Բայց ամեն ինչ ապարդյուն էր: Հայաստանը պարտվեց Մալթայից: Նրանց լրագրողներն ուրախացան, մենք տխրեցինք:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News