10 հունիսի 2013 - 14:19 AMT
Կարեն Աղամալյան. Եթե մրցավարի սխալը չլիներ, Արամ Ավագյանը դուրս կգար ԵԱ եզրափակիչ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է, որ գոհ է Եվրոպայի առաջնությունում բռնցքամարտիկների ելույթից:

«Առաջնությունն անցավ ուժեղ պայքարում: Մեր մարզիկներն արեցին այն, ինչին պատրաստ էին այսօրվա դրությամբ: Անշուշտ, Արամ Ավագյանը կարող էր արծաթ կամ ոսկի նվաճել, սակայն գլխավոր մրցավարը սխալվեց, և մեր բռնցքամարտիկը դուրս մնաց պայքարից»,-ասել է Աղամալյանը:

Արամ Ավագյանը (56 կգ) կիսաեզրափակչում զիջեց Միկոլա Բուցենկոյին (Ուկրաինա)՝ նվաճելով ԵԱ բրոնզե մեդալ: Գլխավոր մրցավարը երրորդ ռաունդում երկու միավոր է տվել ուկրաինացուն՝ հավասարեցնելով հաշիվը, որից հետո հենց նա էլ հաղթող է ճանաչվել:

«Հետո այդ բուլղարացի մրցավարին որակազրկեցին, սակայն դա չէր կարող փոխել մենամարտի արդյունքը, Արամը մնաց բրոնզե մեդալակիր»,-հավելեց Աղամալյանը:

Ըստ մարզչի, նրանք կսկսեն պատրաստվել համաշխարհային Ունիվերսիադային, որին կմասնակցեն 4 հայ բռնցքամարտիկներ. «Կազանում հանդես կգան Կորյուն Սողոմոնյանը, Արթուր Քիրաջյանը: Մյուսների անունները ես ավելի ուշ կհայտնեմ»: