28 հունվարի 2006 - 13:53 AMT
Հնարավոր է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների հանդիպումն անցնի առանց երկրպագուների մասնակցության
«Եթե Ադրբեջանի հավաքականը ավելի լավ խաղար աշխարհի առաջնության ընտրական խմբում, ապա չէր հայտնվի Հայաստանի հավաքականի հետ նույն զամբյուղում: Սակայն մեր ֆուտբոլիստները թույլ հանդես եկան, եւ հայտնվեցին վերջին զամբյուղում: Արդյունքում, վիճակը մեր ֆուտբոլիստներին սահմանեց խաղալ հայերի հետ նույն խմբում: Դա տեղի ունեցավ վերջին 15 տարվա մեջ առաջին անգամ»: Այդ մասին հայտարարել է ԱՖՖ-ի նախկին նախագահ Ֆուադ Մուսաեւը նախօրեին Շվեյցարիայի Մոնտրե քաղաքում կայացած 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանության արդյունքում: Ըստ Ֆ.Մուսաեւի, որը նշել է, թե անհնար է Ադրբեջանի եւ Հայաստանի հավաքականների խաղն անցկացնել չեզոք գոտում, շատ հնարավոր է, որ այդ հանդիպումներն անցնեն Բաքվում կամ Երեւանում փակ մարզդաշտում, առանց երկրպագուների մասնակցության: «Ես չեմ հիշում մի դեպք, որ վերջին ժամանակներս ՈՒԵՖԱ-ն թույլ տա որեւէ խաղ անցկացնել չեզոք գոտում: Ես կարծում եմ, որ որեւէ ազգային ընկերակցության դիմումը ՈՒԵՖԱ-ին խաղը չեզոք դաշտում անցկացնելու վերաբերյալ կարող է հանգեցնել պատժամիջոցների կիրառման: Սա ֆուտբոլ է, ոչ թե քաղաքականություն: Եթե կարող ես, խաղա եւ հաղթի'ր: Ոչ մի անսովոր բան չկա նրանում, որ երկու երկրների ղեկավարները հանդիպում են: Ինչ արած, «մեր բախտը այդպես բերեց»:

Իր հերթին, Ադրբեջանի հավաքականի ավագ մարզիչ Վագիֆ Սադիխովը հայտարարել է, որ ադրբեջանական հավաքականը ընդունակ է հավասար հիմունքներով խաղալ Ղազախստանի, Ֆինլանդիայի, Հայաստանի եւ Բելգիայի հավաքականների հետ, իսկ առավել սկզբունքայինը կլինի խաղը Հայաստանի հավաքականի հետ: «Եթե մենք կարողացանք հաղթել նրանց ակումբային մակարդակով, ապա պետք է կարողանանք հաղթել նաեւ հավաքականների մակարդակով: Դրա համար անհրաժեշտ է մեծ աշխատանք կատարել եւ ստեղծել ուժեղ թիմ: Ես հավատում եմ, որ մենք կհաղթենք Հայաստանի հավաքականին: Ալլահի օգնությամբ մեր հավաքականը արժանապատվորեն կհաղթի հայերին եւ կուրախացնի իր երկրպագուներին»,-հայտարարել է նա, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: