30 հունվարի 2006 - 12:39 AMT
Վերսկսվել է գազի առաքումը Վրաստան եւ Հայաստան
Եռակցման աշխատանքները Հյուսիսային Օսեթիայում անցյալ շաբաթ պայթեցված գազամուղի վրա ավարտվեցին շաբաթ երեկոյան, գազի առաքումը Վրաստան եւ Հայաստան վերսկսվեց կիրակի առավոտյան: Ճիշտ է, երեկոյան նորից խափանումներ առաջացան: Ըստ «Գազէքսպորտ» ընկերության Վրաստանի ներկայացուցչության ղեկավար Դավիթ Մորչիլաձեի, դա «պայմանավորված է տեխնիկական պատճառներով»: Այսօր «Կովկաստրանսգազ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վասիլի Զինովեւը հայտարարել է, որ գազը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» հիմնական գազամուղով առաքվում է անխափան: «Այժմ Վրաստանն ու Հայաստանը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» հիմնական գազամուղով օրեկան ստանում են 500 հազար խորանարդ մետր: Ճնշումը մուտքի մոտ կազմում է 48 մթնոլորտ, ելքի մոտ` 8 մթնոլորտ: Շարունակվում է համակարգի լիցքավորումը, որը տեխնոլոգիական չափանիշների համաձայն չպետք է արագ ընթանա, խուսափելու համար ճնշումների տատանումներից»,-ասել է նա, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: