11 հունիսի 2013 - 17:03 AMT
Արդեն գնված է Երևան-Բաթումի-Երևան «Արմենիա» ֆիրմային գնացքի 344 տոմս

Ամառային ուղևորափոխադրումների բացման նախօրեին՝ հունիսի 10-ի դրությամբ, արդեն գնվել է Երևան-Բաթումի-Երևան երթուղում աշխատող «Արմենիա» ֆիրմային գնացքի 344 տոմս: Անցյալ տարվա հետ համեմատ դիտվում է տոմսերի պահանջարկի ակնհայտ աճ. 2012 թվականին հունիսի 10-ի դրությամբ վաճառվել էր 200 տոմս, հայտնում է ՀԿԵ մամլո ծառայությունը:

Իսկ հունիսի 15-ին մեկնող այս սեզոնի առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքի 84 տոմսերն արդեն գնված են: Անցյալ տարի առաջին գնացքի համար վաճառվել էր 77 տոմս:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքն աշխատում է ամեն տարի՝ հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 1-ը: Անցած տարի գնացքի ուղևորների թիվը գերազանցեց 50 հազարը: