11 հունիսի 2013 - 19:37 AMT
Պատգամավոր. ԼՂՀ միջազգային ճանաչում դեռևս չունենալը չի կարող հանգեցնել մարդկանց իրավունքների անտեսմանը

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն Ազգային ժողովում ավանդական հայտարարությունների ժամին անդրադարձավ վերջերս ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի կազմակերպած այսպես կոչված, «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ լսումներին, որի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

«Նմանատիպ քննարկումներ մեզ առջևում ևս սպասվում են», - նկատեց պատգամավորն ու հայտարարեց, որ կարևորագույն խնդիր է հստակեցնել, թե մեր պաշտոնական և խորհրդարանական դիվանագիտությունը ինչ մոտեցումների վրա պետք է կառուցվի բոլոր այն քննարկումների ժամանակ, երբ որևէ միջազգային կազմակերպություն փորձում է դերակատարություն ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: «Ցավոք, դեռևս այսպիսի հստակեցում կատարված չէ և չի իրականացվում համակարգված գործունեություն այս ուղղությամբ: Այս խնդիրը առավել քան ակտուալ է այսօր, երբ Հայաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի Նախարարների խորհրդի նախագահությունը: Իմ համոզումով, ԵԽ-ն կառուցողական և իր բնույթին համապատասխանող ներգրավվածություն կարող է ունենալ կարգավորման գործընթացի մեջ, եթե պահպանվեն հետևյալ երեք անհրաժեշտ սկզբունքները:

Առաջինը՝ ոչ թե խոսքով, այլ կոնկրետ գործողություններով չհակասելով՝ ԵԽ-ն պետք է լիարժեքորեն ճանաչի ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ որպես հակամարտության կարգավորումն իրականացնելու միջազգային մանդատով օժտված միակ միջնորդական առաքելության լիազորությունները: Սա ոչ միշտ է այդպես, և մենք չպետք է վարանենք բոլոր այդ դեպքերի հետ կապված փաստերը ներկայացնել այս կազմակերպությանը:

Երկրորդ՝ անհրաժեշտ է, որ բոլոր այն դեպքերում, երբ ԵԽ-ում որևէ հարց է քննարկվում, որն առնչվում է Ղարաբաղի ժողովրդի անմիջական շահերին, անպայմանորեն ապահովվի Լեռնային Ղարաբաղի կոմպետենտ և օրինական ներկայացուցիչների մասնակցությունն այդ քննարկումներին: Այդպիսի նախադեպերը ԵԽ-ում բազմաթիվ են:

Երրորդ՝ ԵԽ-ն պետք է ապահովի իր իսկ հռչակած արժեքների գերակայությունը, հատկապես` կապված ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման և մարդու տարրական իրավունքների և ազատությունների ապահովման հարցերի հետ: Մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` միջազգային ճանաչում դեռևս չունենալը չի կարող հանգեցնել հակամարտության գոտում բնակվող մարդկանց իրավունքների և ազատությունների անտեսմանը և այդ տարածքում ԵԽ որդեգրած նորմերի ու ստանդարտների չկիրառմանը»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ լավագույն օժանդակությունը խաղաղ կարգավորման գոծընթացին կլինի այն, եթե ԵԽ-ն քաջալերի հակամարտության բոլոր երեք կողմերին` վերահաստատել 1994թ. զինադադարի բիշքեկյան համաձայնագիրը և կնքել չհարձակման մասին նոր պայմանագիր:

«Հուսով եմ՝ Հայաստանը կօգտագործի իր նախագահության բացառիկ հնարավորությունը ԵԽ-ին մղելու ԼՂ կարգավորման հարցով որդեգրելու առավել կառուցողական դերակատարություն»,- եզրափակեց պատգամավորը: