11 հունիսի 2013 - 19:42 AMT
Արմավիրում կարկուտից տուժած գյուղացիներին օգնության հիմնադրամն արդեն 51 մլն դրամ է հավաքել

Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիներին օգնության հիմնադրամում արդեն հավաքվել է 51 մլն դրամ: Այսօր Ազգային Ժողովում ավանդական ճեպազրույցների ժամին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը տեղեկացրեց, որ գումարների հավաքագրմանը ակտիվ մասնակցել են և պատգամավորներ, և կառավարության անդամներ: «Վնասի չափը 25 մլրդ դրամ է:

Հասկանում ենք, որ դժվար մեր հավաքած գումարը բավականացնի և ամեն ինչ պետք է անենք, որ այդ հիմնադրամում հնարավորինս մեծ գումար հավաքվի»,- ասաց պատգամավորը: Նա հայտնեց, որ գումարները գյուղացիներին պետք է հասնեն մինչեւ օգոստոսի 1-ը:

Ավելացնենք, որ հիմնադրամ ամենամեծ գումարը մուտքագրել է ՀՀ ոստիկանությունը՝ 20 մլն դրամ, Ազգային Ժողովը փոխանցել է 6 մլն դրամ, Կենտրոնական բանկը՝ 10 մլն դրամ: