13 հունիսի 2013 - 14:47 AMT
Վահագն Չախալյանը դատի է տվել Միխայիլ Սահակաշվիլուն

Ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը դատի է տվել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլուն, Սամցխե-Ջավախքի նախկին մարզպետին ու պատգամավոր Գոգա Խաչիձեին: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց Վահագն Չախալյանը: Նա ասաց, որ հայցն արդեն ներկայացրել է և 30 օրից նրան կպատասխանեն՝ գործը քննության առնվելու է, թե՝ ոչ: Վահագն Չախալյանն ասաց, որ գնալու է մինչև վերջ և վերականգնելու է իր խախտված իրավունքները:

Նշենք, որ վերոհիշյալ գործիչները Չախալյանի հասցեին մեղադրանքներ էին հնչեցրել, որոնք չեն ապացուցվել: Ըստ այդ մեղադրանքների՝ Չախալյանն, իբրև թե, ահաբեկել է վրացական եկեղեցու հոգևորականներին, ֆիզիկական բռնություն է կիրառել նրանց հանդեպ:

Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը 2008-ի հուլիսի 21-ին ձերբակալվել էր։ 2009թ. ապրիլի 7-ին նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» մեղադրանքներով: Այս տարվա հունվարին Վրաստանում տարածված համաներման շրջանակներում դատարանը վերանայեց Վահագն Չախալյանի դատավճիռը և չորս ու կես տարի անց ազատ արձակեց նրան: