13 հունիսի 2013 - 19:53 AMT
Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կկատարվեն

ՀՀ կառավարությունը քննարկել է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացում կատարելու` ՀՀ օրենքների նախագծերին: Դրանք օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը և Սամվել Ֆարմանյանը։

Մասնավորապես, առաջարկվում է սահմանել «երկրապահ» հասկացությունը, կարգավիճակ տալ կամավորականներին, նրանց համարել զինծառայողներին հավասարեցված անձինք` սոցիալական պարտադիր երաշխիքներով։ Փաթեթի վերաբերյալ կառավարությունն սկզբունքային առարկություն չի ներկայացրել։

Կառավարությունը հավանություն է տվել «Փոստային կապի մասին» և ևս երեք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է փոստային կապի ոլորտի օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական երկրներում գործող օրենքներին, ինչպես նաև բացառել օրենքում առկա ոչ հստակ ձևակերպումները։ Նիստում հավանության է արժանացել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխել մի շարք միջոցառումների իրականացման ժամկետները։

Օրենսդրական փաթեթների այդ նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով։