14 հունիսի 2013 - 19:10 AMT
Հունիսի 17-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ, 2013 թվականի հունիսի 17-ին ժամը 12:00-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Օրակարգում ներառված են Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության քննարկման շարունակությունը, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագծի 2-րդ և 3-րդ ընթերցումները:

Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին ևս քննարկումներ են լինելու: Ինչպես նաև Էներգետիկայի և լիցենզավորման մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: