15 հունիսի 2013 - 15:35 AMT
Էստոնահայ գրող Գոհար Մարկոսյան-Կասպերը վարչապետին է ներկայացրել իր առաջիկա ծրագրերը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Էստոնիայում բնակվող հայազգի հայտնի գրող Գոհար Մարկոսյան-Կասպերին, ով հայրենիք է ժամանել «Բոլորը գնում են Երևան» ժողովրդական դիվանագիտության առաքելության ծրագրի շրջանակներում: Ողջունելով գրողին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Դուք հեղինակություն եք վայելում ընթերցողների շրջանում և մենք բոլորս սպասում ենք Ձեր նոր ստեղծագործություններին»:

Էստոնահայ գրողը վարչապետին է ներկայացրել իր նոր վեպի հրատարակման ուղղությամբ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Այնուհետև զրուցակիցները քննարկել են մշակույթի, մասնավորապես, գրական ասպարեզում մեր երկրում առկա վիճակն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Հայաստանում, Էստոնիայում և ողջ աշխարհում արվեստի ոլորտում տեղի ունեցող զարգացումներին:

Գոհար Մարկոսյան-Կասպերը հայտնի է իր հեղինակած մի շարք վեպերով՝ «Պենելոպե», «Հեղինե», «Կարիատուհիներ» և այլն), պիեսներով ու պատմվածքներով:

Նրա գրքերը թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, էստոներեն և այլ լեզուներով, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: