
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով Մադրիդ է մեկնել: Նալբանդյանն ու Իսպանիայի ԱԳ նախարար Գարսիա-Մարգալյոն այսօր բովանդակալից զրույց ունեցան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, առևտրատնտեսական համագործակցության, մշակութային փոխանակումների խթանման վերաբերյալ, մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:
Նախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման նպատակով։ Երկուստեք կարևորվեց Երևանում Իսպանիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը։
Իսպանիայի արտգործնախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։
Նախարար Գարիսա-Մարգալյոն տեղեկացրեց տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ երկրի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը։
Էդվարդ Նալբանդյանն ու Գարսիա-Մարգալյոն ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը»: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաձայնագրով նախատեսված են երկու պետությունների պատմության և մշակույթի վերաբերյալ գրքերի հրապարակումներ, մատենագիտական նյութերի փոխանակումներ, համագործակցության զարգացում երաժշտության, բեմական արվեստի, թատրոնի, օպերայի, բալետի և այլ բնագավառներում, ինչպես նաև դերասանական խմբերի և մենակատարների փոխանակումներ։