18 հունիսի 2013 - 13:34 AMT
ՀՀ հանրային խորհուրդն առաջարկում է առողջացնել «Արմավիան»

ՀՀ հանրային խորհուրդը սնանկ հայտարարված ազգային ավիափոխադրողի` «Արմավիայի» առողջացման ծրագիր է առաջարկում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ հանրային խորհրդի ենթակոմիտեի ավիացիայի անդամ Լևոն Ղազարյանը նշեց, որ այսօրվա դրությամբ «Արմավիան» ունի անհրաժեշտ ենթակառուցվածքը, որը հնարավորություն կտա անհրաժեշտ «բուժում» անցնելուց հետո վերադառնալ աշխատանքին` գրագետ ղեկավարության ներքո:

«Ափսոս չէ՞, որ հայկական դրոշով օդանավերը մնացել են կանգնած արևի տակ` այն դեպքում, երբ կարող էին թռիչքներ իրականացնել», - նշեց նա:

Այնուամենայնիվ, դատական գործը, որը դեռ «Արմավիայի» առջևում է, շատ ծանր ու աշխատատար է, քանի որ ընկերությունը, Ղազարյանի խոսքով, տարբեր երկրներում ավելի քան 20 ներկայացուցչություն ու ավելի քան 33 000 պայմանագիր ունի: «Այդ բոլոր կողմերի հետ պետք է հաշվարկներ կատարել` հասկանալու համար, նրանք են մեզ պարտք, թե` մենք իրենց», - նշեց մասնագետը: