ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինին: Դեսպանը հավաստիացրել է խորհրդարանի նախագահին, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում կնպաստի ռուս-հայկական հարաբերությունների հետագա խորացմանը:
Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով նորանշանակ դեսպանին իր դիվանագիտական առաքելության կատարման մեջ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական դաշնակցային և ռազմավարական հարաբերություններն էլ ավելի կխորանան և կզարգանան: Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերություններին, նա նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, արդյունավետ աշխատում է միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովը: Նա պատրաստակամություն է հայտնել համակողմանիորեն աջակցել դեսպանին իր առաքելության կատարման ընթացքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներ: Այս մասին հայտնում են ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: