18 հունիսի 2013 - 20:00 AMT
Հերվիգ Վան Շտաա. Խաղաղության ճանապարհն այլընտրանք չունի, լուծումներ պետք է գտնվեն միայն այդ հարթությունում

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԵԽ Տարածքային և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ Վան Շտաային, ով Երևան է ժամանել մասնակցելու Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցող ԵԽ Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի Բյուրոյի նիստին և «Մասնակցային ժողովրդավարության զարգացումը տեղական մակարդակով» թեմայով համաժողովին:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը կարևորել է Շտաայի այցը Հայաստան և մասնկացությունը միջազգային համաժողովին: Նա բարձր է գնահատել Կոնգրեսի դերակատարությունը Հայաստանում տեղական իշխանությունների համակարգի կատարելագործման ու զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանի խոսքով` տեղական ժողովրդավարությունը ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայությունների հիմնական ուղղություններից մեկն է լինելու: Նա նշել է, որ նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնց միջոցով Հայաստանը կփորձի իր ներդրումը բերել տեղական ժողովրդավարության և ԵԽ անդամ երկրների տեղական իշխանությունների միջև համագործակցության զարգացման նպատակներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԵԽ Տարածքային և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահն ասել է, որ կառույցը երկար տարիներ հաջողությամբ համագործակցում է Հայաստանի հետ և բարձր գնահատեց մեր երկրի ջանքերը տեղական ինքնառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում: Նրա խոսքով` Հայաստանը այս ուղղությամ կարևոր առաջընթաց է գրանցել: Հերվիգ Վան Շտաայը ողջունել է Հայաստանի որդեգրած միջմշակութային երկխոսությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտությանը և հայ-թուրքական հարաբերություններին: Երկուստեք ընդգծվել է, որ հիմնախնդիրները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով: «Խաղաղության ճանապարհը այլընտրանք չունի և լուծումներ պետք է գտնվեն միայն այդ հարթությունում»,- ասաց Հերվիգ Վան Շտաայը: