20 հունիսի 2013 - 17:23 AMT
Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցակետերի արդիականացման ծրագիրը շեղվել է նախատեսված ժամանակացույցից

Երևանում տեղի է ունեցել «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականցում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստը` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի նախագահությամբ: Նիստին մասնակցել են ոչ միայն պետական գերատեսչությունների, այլև միջազգային կառույցների ներկայացուցիչներ. առաջին անգամ մասնակցել են նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար-դեսպան Տրայան Հրիստեան, ինչպես նաև ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետտոն:

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ հանձնաժողովի նիստերի մասնակիցների բարձր ներկայացուցչական կազմը համահունչ է այն կարևորությանը, որ ունի ծրագիրը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման, անվտանգության ապահովման և սահմանների համալիր կառավարման ոլորտում տարածաշրջանային համագործակցության խորացման բնագավառներում:

Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցումային կետերի արդիականացման ծրագրի իրականացումը մտնում է վճռորոշ փուլ, քանի որ, ըստ ՊԵԿ նախագահի, արդեն որոշակիանում են շինարարական աշխատանքների մեկնարկի և ընթացքի հետ կապված հարցերը. «Ծրագրի իրականացումը որոշակիորեն շեղվել է սկզբնապես նախատեսված ժամանակացույցից` կապված շինարարական ընկերության ընտրության ուշացման հետ: Ծրագրի մյուս բոլոր բաղադրիչների ուղղությամբ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով` առանց ժամկետային լուրջ շեղումների»: Սահմանային անցակետերի համալիր զարգացումն ապահովելու համար ՄԱԶԾ-ն և ԵՄ-ը պատրաստակամ են շարունակել աջակցությունը Հայաստանին, ընդգծել են միջազգային կառույցների ներկայացուցիչները:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նիստի ընթացքում ներկայացվել են նաև ծրագրի ընթացքում կատարված աշխատանքները, քննարկվել խնդիրները և նախանշվել առաջիկա անելիքները: Քննարկվել են նաև ծրագրի իրականացման ընթացքի հետագա ուշացումները բացառելուն ուղղված քայլերը: