8 փետրվարի 2006 - 19:46 AMT
Բեռլինում տեղի է ունեցել բողոքի ցույց հայկական խաչքարերի ոչնչացման դեմ
Բեռլինում, Ադրբեջանի դեսպանատան առջեւ կազմակերպվել է բողոքի ցույց Հին Ջուղայի միջնադարի գերեզմանոցում ադրբեջանցիների բարբարոսության դեմ: Ցույցը կազմակերպվել է Գերմանիայում գործող Հայոց ցեղասպանության ճանաչման կոմիտեի անդամներ Ժիրայր Քոչարյանի եւ Թեսսա Հոֆմանի, ինչպես նաեւ Նախիջեւանի հայերի ազգային խորհրդի անդամ Ռաֆայել Համբարձումյանի ջանքերով: Հանրահավաքի մասնակիցները, որոնց թվում էին հույներ, քրդեր, իտալացիներ, ինչպես նաեւ թուրքեր, կրում էին «Ադրբեջանական սպանդ հայկական մշակույթի հանդեպ» կարգախոսները: Ցույցի մասնակիցները անցորդներին համապատասխան բովանդակության թռուցիկներ էին բաժանում, ինչպես նաեւ տարածում էին դրանք Բեռլինի եկեղեցու եւ Բեռլինի «Բաց համալսարանի» մերձակայքում, հաղորդում է Եվրոպայի հայկական դաշնությունը: Հայոց ցեղասպանության ճանաչման կոմիտեն կազմակերպել է նաեւ Քյոլն քաղաքի հայ ուսանողների հանրահավաք, որին մասնակցել են նաեւ Գերմանիայի այլ հայ համայնքային միությունների ներկայացուցիչներ: