9 փետրվարի 2006 - 15:07 AMT
Շվեդիան շահագրգիռ է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում
Նախօրեին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ Շվեդիայի վարչապետ Գորան Փերսոնը հայտարարել է, որ Հայաստանի նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասում էներգետիկ իրավիճակի հետ կապված հարցեր: Նրա խոսքերով, երկկողմ հարաբերությունների ակտիվացման հարցերից զատ Հայաստանի նախագահի հետ քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում առկա խնդիրները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: Ռոբերտ Քոչարյանը գոհունակություն է հայտնել հանդիպման արդյունքներից` նշելով, որ Շվեդիայի վարչապետը ցուցաբերել է անկեղծ շահագրգռվածություն Հայաստանի հետ հարաբերությունների խորացման հարցում: «Բարեհաջող էր նաեւ մեր քննարկումը տարածաշրջանային հարցերի շուրջ», - ասել է Ռոբերտ Քոչարյանը: Հայաստանի նախագահը եւ Շվեդիայի վարչապետը հայտարարել են, որ պայմանավորվել են շարունակել երկխոսությունը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Գործողությունների Ծրագրի հաստատումից հետո: «Երբ տվյալ փաստաթուղթը կմտնի ուժի մեջ, մենք կքննարկենք այն կոնկրետ ուղղությունները, որոնց իրականացման հարցում Շվեդիան կօգնի Հայաստանին», - ասել է Գորան Փերսոնը: Հայ-շվեդական բանակցությունների արդյունքում ստորագրվել է միջպետական համաձայնագիր` փոխադարձ խրախուսման եւ ներդրումների պաշտպանության վերաբերյալ: Փետրվարի 8-ին Հայաստանի նախագահը նաեւ հանդիպել է Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուսթավի հետ, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: