21 հունիսի 2013 - 14:05 AMT
Բրազիլիայի նախագահը շտապ խորհրդակցություն է գումարել կապված երկրում բողոքների հետ

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆը հայտարարել է կառավարությունում շտապ խորհրդակցություն գումարելու մասին, կապված երկրում բողոքի ցույցերի հետ, հայտնում է Associated Press-ը: Շտապ խորհրդակցության պատճառով նա ստիպված է եղել հետաձգել այցը Ճապոնիա, նշում է BBC News-ը:

Ցուցարարների քանակը Բրազիլիայի տարբեր քաղաքներում արդեն հասել է միլիոնի: Հունիսի 21-ի վաղ առավոտյան շարունակվել են բախումները ոստիկանության հետ: Մայրաքաղաքում ցուցարարները հարձակվել են կառավարական շենքերի վրա, այդ թվում ԱԳՆ շենքի վրա: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառում: Առնվազն մեկ զոհ կա: