21 հունիսի 2013 - 21:22 AMT
Հանդիսություն ոստիկանության զորքերում. Բացվել է զոհված զինծառայողների հուշահամալիր

Հունիսի 21-ը ոստիկանության զորքերի կազմավորման օրն է: Տարեդարձի կապակցությամբ հանդիսություն է անցկացվել ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդում, որը մեկնարկել է զոհված զինծառայողների հուշահամալիրի բացման արարողությամբ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան սպաները, հյուրերն ու զոհվածների հարազատները ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտքը կատարելիս զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատի մոտ:

Ծառայողամարտական գործունեության մեջ դրսևորած բարձր արդյունքների համար և ոստիկանության զորքերի օրվա կապակցությամբ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և ոստիկանության զորքերի հրամանատարի կողմից զորքերի մի խումբ զինծառայողներ արժանացան պարգևների: