22 հունիսի 2013 - 14:54 AMT
Արմեն Աշոտյանը պաշտոնական այցով կմեկնի Հորդանան

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը, ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը և ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Արշակ Հարությունյանը, հունիսի 24-26-ը պաշտոնական այցով կգտնվի Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում:

Արմեն Աշոտյանը և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Ամին Մահմուդը կստորագրեն ՀՀ կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր:

ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Հորդանանի Հաշիմյան Թագավորության վարչապետ Աբդուլլա Նասուրի, Սենատի նախագահ Տահեր ալ Մասրիի հետ: Պատվիրակությունը կայցելի Թագավորության Գիտա-հետազոտական ասոցիացիա Integrated Technilogy Group-Amman կրթական կառավարման և software ծրագրային ապահովման տարածաշրջանային առաջատար կազմակերպության գրասենյակ: Պատվիրակությունը կհանդիպի նաև Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: