13 փետրվարի 2006 - 12:39 AMT
Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները կշարունակվեն մարտի սկզբին Վաշինգտոնում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն մարտի սկզբին Վաշինգտոնում, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ տեղի կունենան խորհրդակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,-ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Ֆրանսիայում կայացած հանդիպման արդյունքներին նվիրված հայտարարության մեջ: «Խորհրդակցությունների ընթացքում կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ապագա բանավեճի տարբեր տեսանկյունները: Չնայած ինտենսիվ քննարկումներին, կողմերի դիրքորոշումները որոշ բարդ սկզբունքների հարցում մնացել են անփոփոխ: Այնուամենայնիվ, նախագահները բարձր են գնահատել բանակցությունների ընթացքը եւ նույնիսկ ցուցումներ են տվել իրենց երկրների արտգործնախարարներին համանախագահների աջակցությամբ գտնել ղարաբաղյան խնդրի կարգավորման նոր ուղիներ: Հանդիպման ավարտին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը հայտարարել է լրագրողներին. «Տեղի են ունեցել բանակցություններ երկու նախագահների միջեւ, որոնց ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցերի ողջ շրջանակը: Հանդիպման ընթացքում երկու նախագահների միջեւ բարենպաստ անձնական մթնոլորտ ձեւավորվեց: Սակայն քննարկումների արդյունքում կողմերի դիրքորոշումներում էական փոփոխություններ չեղան: Մենք պետք է մտածենք, թե որ ուղղությամբ պետք է շարժվենք առաջ, արդյուքներ չկան, համաձայնության հասնել չի հաջողվել»: Սթիվեն Մաննը հաղորդել է, որ փետրվարի 13-ին համանախագահները պետք է մեկնեն Բրյուսել ԵԱՀԿ գործող նախագահին իրենց զեկույցը ներկայացնելու համար: Նա նաեւ հաղորդել է, որ մարտի սկզբին Վաշինգտոնում կտրվի Ռամբույեի հանդիպման գնահատականը: