25 հունիսի 2013 - 15:01 AMT
Հայկական ԱԱՊ-ների 3-րդ համաժողովն անցավ «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթվա» շրջանակներում

ՀՀ սփյուռքի նախարարության և Հայկական առևտրային ցանցի նախաձեռնությամբ մեկնարկեց Հայկական առևտրաարդյունաբերական պալատների 3-րդ համաժողովը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը, Հայկական առևտրային ցանցի (ՀԱՑ) նախագահ Վահրամ Փիրջանյանը և Հրաչ Գասպարը Կանադայից, փոխնախագահ Ժակ Ավդոյանը ֆրանսիայից, ինչպես նաև Հայաստանի, Արցախի, Ավստրալիաի, Բելգիայի, Կանադայի, Իրանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի, Լիբանանի, Արգենտինայի, Իտալիայի և Իսպանիայի առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարներն ու ներկայացուցիչները: ՀՀ սփյուռքի նախարարին ուղեկցում էր Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը: Հայկական առևտրային ցանցի առաջին համաժողովը տեղի է ունենցել Երևանում, երկրորդը՝ Փարիզում, հայտնում է սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը :

ՀՀ տնտեսական քաղաքականության և Հայկական առևտրական ցանցի անելիքների մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես ներկայացրեց երկրի մակրոտնտեսական ցուցանիշները, վերջին տարիների փոփոխությունները, միջազգային գնահատականները ներդրումային միջավայրի, օրենսդրական փոփոխություների և «Դուինգ բիզնեսի» գնահատականների, ինչպես նաև Հայաստանում սփյուռքահայերի ներդրումների մասին: Նախարարն ընդգծեց առևտրաարդյունաբերական պալատների կողմից նեդրումների խրախուսման, դրանց ավելացման, աշխատատեղերի ստեղծման, աղքատության և արտագաղթի կրճատմանն ուղղված քայլերին հայ բիզնեսմեների ակտիվ մասնակցության կարևորությունը: Հրանուշ Հակոբյանը առաջարկեց հաջորդ տարի չորրորդ համաժողովը կազմակերպել Հայատանում, ապա աշխատանքները շարունակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Համաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան բոլոր մասնակիցները: Համաժողովի պատվավոր հյուր, Ռումինիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը ներկայացրեց համաշխարհային տնտեսական զարգացման միտումները:

Ֆրանս-Հայկական գերազանցության շաբաթվա շրջանակում ներկայացվեցին Երևան քաղաքի, ՀՀ Գեղարքունիքի և Լոռվա մարզերի զարգացման ծրագրերը:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը ներկայացրեց ընկերության գործունեությունն ու Հայաստանում հաջողության հասնելու նախապայմանները: Նա նշեց, որ բարձր տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանը վերջին տարիներին ունեցել է աննախադեպ առաջընթաց, որի հիմնական երաշխիքը որակյալ մասնագետներն են, պետության աջակցությունը, ինչպես նաև երիտասարդության շրջանում ոլորտի նկատմամբ առկա մեծ հետաքրքրությունը:

«Կիլիկիա» ընկերության տնօրեն Աշոտ Բաղդասարյանը ներկայացրեց իր ղեկավարած ձեռնարկության գործունեությունը և ոլորտի շուկայական հնարավորություններն ու առկա խնդիրները: Իր խոսքում նա կարևորեց հայ գործարարների ներդրումները Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման և հետագա առաջընթացի ապահովման գործում:

ՀՀ Գեղարքունիքի և Լոռվա մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթությունները ներկայացրեցին մարզպետներ Ռաֆիկ Գրիգորյանը և Արթուր Նալբանդյանը: Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ներկայացրեց համալսարանի` որպես Գեղարքունիքի մարզի կրթական, գիտական, մշակութային կենտրոնի հիմնական առաքելությունը, քսանամյա բուհի գործունեության առանցքային ուղղությունները, Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող Erasmus Mundus և Tempus արտաքին համագործակցության ծրագրերին համալսարանի մասնակցության արդյունքները:

Հայկական առևտրային ցանցի անդամների որոշմամբ հաջորդ համաժողովը նախատեսվում է անցկացնել Հայաստանում: Համաժողովը շարունակեց իր աշխատանքները մինչև հունիսի 24-ը: