25 հունիսի 2013 - 18:03 AMT
Կայացավ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դեսպանների տեղակալների նիստը՝ «+Հայաստան» ձևաչափով

Հունիսի 24-25-ին աշխատանքային այցով Բրյուսելում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Հունիսի 24-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացավ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դեսպանների տեղակալների նիստը՝ «+Հայաստան» ձևաչափով: Նիստին քննարկվեց ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) 2012-2013թ. գնահատման զեկույցը:

Փոխնախարար Հովակիմյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսությանը, Անհատական գործընկերության գործողությունների հաջորդ ծրագրի (2014-2015թթ.) նախապատրաստական աշխատանքներին, ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի զարգացումները:

Դավիթ Տոնոյանը խոսեց ՀՀ զինված ուժերում բարեփոխումների ընթացքի, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՆԱՏՕ-ի օժանդակությամբ իրականացվող ռազմական կրթության ծրագրերի մասին՝ շեշտելով Հայաստանում ՆԱՏՕ-ի օժանդակությամբ նոր ծրագրեր նախաձեռնելու կարևորությունը: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն անդրադարձավ նաև ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողություններին հայ խաղաղապահների մասնակցության հարցերին:

Այնուհետև ելույթներով հանդես եկան Դաշինքի պատվիրակությունների ներկայացուցիչները, ովքեր բարձր գնահատեցին Հայաստանի համագործակցությունը Դաշինքի հետ բոլոր բնագավառներում և իրենց աջակցությունը հայտնեցին ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հունիսի 25-ին հանդիպեցին Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության հետագա զարգացման հետ կապված հարցեր, ինչպես նաև անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին: