25 հունիսի 2013 - 20:19 AMT
Ս. Սարգսյանը մասնակցել է Վարշավայում հայկական պուրակի անվանակոչման և խաչքարի օծման արարողությանը

Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի գերեզման-հուշահամալիր: Հուշամատյանում իր ստորագրությունը թողնելուց հետո, Սերժ Սարգսյանը Լեհաստանի Նախագահի հետ ծաղիկներ է դրել և հարգանքի տուրք մատուցել նաև լեհահայ ընտանիքից սերող Յադվիգա Զարուգիևիչի հուշատախտակին: Լեհաստանի ազգային խորհրդանիշը համարվող գերեզման-հուշահամալիրում հիշյալ հայուհին, ում որդին ևս զոհվել է պատերազմում, այդ պատվին է արժանացել այն պատճառով, որ 1925թ. հոկտեմբերի 29-ին նրան է տրվել Վարշավայում հուղարկավորելու նպատակով անհայտ զինվորի աճյունն ընտրելու նախապատվությունը:

Հանրապետության նախագահն այցի առաջին օրը հանդիպում է ունեցել նաև Լեհաստանի Սենատի նախագահ (մարշալեկ) Բոգդան Բորուսևիչի և վարչապետ Դոնալդ Տուսկի հետ: Սերժ Սարգսյանը մասնակցել է Վարշավայում հայկական պուրակի անվանակոչման և խաչքարի օծման արարողությանը ևս:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին երեկոյան կմասնակցեն հայ-լեհական գործարար համաժողովի փակման արարողությանը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ ավելի ուշ ի պատիվ պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած պատվիրակության՝ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու անունից կտրվի պաշտոնական ընթրիք: