13 փետրվարի 2006 - 15:44 AMT
Մհեր Շահգելդյան. Հարկավոր է սահմանել անվտանգության համակարգի քաղաքացիական վերահսկողություն
Փետրվարի 6-9 Թբիլիսիում տեղի ունեցած Բալթիայի եւ Հարավային Կովկասի երկրների համագործակցության եւ բարեփոխումների հարցերին նվիրված խորհրդաժողովին մասնակցել է նաեւ հայկական պատվիրակությունը ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին հարցերի եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանի գլխավորությամբ: Խորհրդաժողովում բարձրացված հարցերի թվում էր նաեւ անվտանգության համակարգի քաղաքացիական եւ խորհրդարանական վերահսկողության խնդիրը: Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայկական պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ դա կարեւոր ուղղություն է, որը համապատասխանում է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո խորհրդարանական զարգացման միտումներին: Շահգելդյանը նշել է, որ քաղաքացիական վերահսկողության ինստիտուտը ենթադրում է մի քանի ուղղություններ, այդ թվում նաեւ պաշտպանության քաղաքացիական նախարարի եւ այդ նախարարությունում քաղաքացիական մասնագետների առկայությունը, ինչպես նաեւ անվտանգության համակարգի խորհրդարանական վերահսկողությունը: Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցությանը` Մ.Շահգելդյանը նշել է, որ Հայաստանում դրական են գնահատում հարավկովկասյան միջխորհրդարանական նախաձեռնությունը, որը գործում է բրիտանական Լինքս կազմակերպության միջնորդությամբ, Հարավային Կովկասի Խորհրդարանական վեհաժողովի վերածելու հնարավորությունը: