26 հունիսի 2013 - 14:57 AMT
ՀՀ ԱԺ փոխխոսնակը խորհուրդ է տվել Ալիևին ուսումնասիրել պատմությունը

Անկախ Բաքվի ցանկություններինց ու բաղձանքներից, Լեռնային Ղարաբաղի անկախությունը կայացած փաստ է, որն այլընտրանք չունի: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը «Ադրբեջանի, ներառյալ Լեռնային Ղարաբաղն ու նույնիսկ Հայաստանը, տարածքային ամբողջականությունը վերականգնելու» մտադրության մասին:

«Որքան շուտ Ադրբեջանը հաշտվի Լեռնային Ղարաբաղի անկախության փաստի հետ, այնքան լավ իր համար, այնքան շուտ տեղի կունենա Բաքվի ադապտացիան իրողությանը»,-ասել է Շարմազանովը: Արձագանքելով Ալիևի հայտարարությանն այն մասին, որ ժամանակակից Հայաստանի տարածքը պատմական Ադրբեջանի մաս է կազմում, փոխխոսնակը խորհուրդ է տվել Ադրբեջանի նախագահին ծանոթանալ Ստրաբոնի, Պլուտարքոսի, Պտղոմեոսի պատմական աշխատություններին. «Կարծում եմ, այդ դեպքում Ադրբեջանի նախագահն իր խոսքում թույլ չի տա նման կոպիտ ու պետության առաջին դեմքին անհարիր պատմական սխալներ»:

Ելույթ ունենալով Ադրբեջանի ԶՈւ 95-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է: Եվ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև ժամանակակից Հայաստանը, որը ստեղծվել է Իրևանի խանության հողերի վրա, որոնք Ադրբեջանի պատմական հողերն են: Չեմ կասկածում, որ հակամարտությունն իր արդար լուծումը կստանա և Ադրբեջանի դրոշը կծածանվի Շուշիի ու Խանքենդիի վրա»: