27 հունիսի 2013 - 11:57 AMT
Կոնգրեսական Քրիս Սմիթը մտահոգված է քրիստոնյա փոքրամասնությունների վիճակով Սիրիայում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ենթակոմիտեի արտաքին գործերի գծով հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների անդամները ենթակոմիտեի ղեկավար, Նյու Ջերսիից ընտրված կոնգրեսական Քրիս Սմիթի գլխավորությամբ դիմել են նախագահ Օբամայի վարչակազմին՝ օգնություն խնդրելով սիրիահայերի, ինչպես նաև բոլոր քրիստոնյա սիրիացիների համար, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նախագահ Քրիս Սմիթին Սիրիայում կրոնական փոքրամասնությունների մասին լսումների համար, ինչպես նաև մեր երախտագիտությունը հայտնել բոլոր կոնգրեսականներին, որոնք միացել են՝ մտահոգություն հայտնելով Սիրիայում բնակվող հայերի ու այլ քրիստոնյաների համար: Մենք հատկապես շնորհակալ ենք Օբամայի վարչակազմի նախագահ Սմիթի պաշտոնական հարցման համար, հստակեցնելու համար այն կոնկրետ քայլերը, որ ձեռնարկում է մեր կառավարությունը ապահովելու համար, որպեսզի ԱՄՆ օգնության ծրագրերը հասնեն Սիրիայում մնացած, ինչպես նաև Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին: Մենք հուսով ենք, որ Պետդեպարտամենտն ու USAID-ին համատեղ աշխատանք կտանեն այս հարցի շուրջ, որը կենսական նշանակություն ունի ԱՄՆ ողջ հայ համայնքի համար»,-հայտարարել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: