27 հունիսի 2013 - 16:04 AMT
ԼՂՀ մրցակցային մարմնի մասնագետները կներգրավվեն միջազգային կառույցների հետ իրականացվող աշխատանքներում

Այսօր` հունիսի 27-ին, երկօրյա աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կմեկնի Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Նախատեսվում է ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնական հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արայիկ Հարությունյանի, ինչպես նաեւ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լևոն Մնացականյանի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն տնտեսական մրցակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես ԼՂՀ հանձնաժողովի կողմից կաթնամթերքի և մի շարք այլ շուկաներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաև ՀՀ ՏՄՊՊՀ-ը կներկայացնի Հանձնաժողովի կողմից բացահայտված անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպքեր: Հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում կքննարկվեն նաև մինչև տարեվերջ կատարվելիք աշխատանքների հիմնական ուղղությունները, ասվում է ՏՄՊՊՀ հաղորդագրության մեջ:

Հանձնաժողովների համատեղ նիստից հետո ՀՀ ՏՄՊՊՀ մասնագետները Արցախի գործընկերների հետ դիտանցումներ կիրականացնեն խոշոր սուպերմարկետներում՝ հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման նպատակով: Տեղեկացնենք նաև, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ը մշտապես սերտորեն համագործակցել է ԼՂՀ մրցակցային մարմնի հետ: Համագործակցությունը լինելու է շարունակական, ՀՀ ՏՄՊՊՀ-ը կաջակցի ԼՂՀ մրցակցային մարմնի աշխատակիցների վերապատրաստմանը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, բացի այդ, ՀՀ ՏՄՊՊՀ աջակցությամբ ԼՂՀ մրցակցային մարմնի մասնագետները կներգրավվեն միջազգային կառույցների հետ իրականացվող աշխատանքներում:

Այսուհետ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերափոխված կայքում տեղ կգտնի նաև ԼՂՀ մրցակցային մարմնի գործունեությանն առնչվող տեղեկատվություն: