27 հունիսի 2013 - 17:06 AMT
Համայնքային բյուջեից 20 միլիոն դրամ է հատկացվել թեքահարթակների կառուցման համար

Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով իրականացվում են մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումների թեքահարթակների կառուցման աշխատանքներ: Այդ նպատակով համայնքային բյուջեից հատկացվել է 20 միլիոն դրամ, որի շրջանակում կկահավորվի շուրջ 100 թեքահարթակ: Բացի այդ, թեքահարթակներ կկառուցվեն մայրաքաղաքի 9 վարչական շրջանների վարչական շենքերի մուտքերի մոտ: Մինչ այդ նմանատիպ աշխատանքներ էին կատարվել ներառական կրթություն իրականացնող բոլոր 45 դպրոցներում:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, չափորոշիչներով նախատեսված է ապահովել թեքահարթակի 8-ից 10 տոկոս թեքություն, որպեսզի հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող քաղաքացիներն առանց կողմնակի միջամտության կարողանան անցնել այն: Բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ և հասարակական տիպի շենքերի նախագծային աշխատանքների համար տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներում ևս, որպես կանոն, պարտադիր պայման է թեքահարթակի կառուցման անհրաժեշտությունը: