27 հունիսի 2013 - 20:48 AMT
ՄԻԵԴ նախագահը` Սաֆարովի գործի մասին. ՄԻԵԴ գնահատականը միանշանակ կլինի իրավական

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ հունիսի 26-27-ը աշխատանքային այցով Ստրասբուրգում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրաջանակներում Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանին:

Հանդիպման ժամանակ ԱԺ նախագահը անդրադարձավ Հայաստանին վերաբերող գործերին: Խոսելով Եվրոպական դատարանի վարույթում գտնվող Սաֆարովի գործից` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այն ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ միջազգային հանրության խնդիրն է: «Հայաստանն ակնկալում է, որ Եվրոպական դատարանը նշված հարցին կանդրադառնա զուտ իրավական տեսանկյունից և կտա համարժեք իրավական գնահատական, ինչը կարևոր նշանակություն կունենա նման անընդունելի արարքների վճռական կանխարգելման համար»,-նշեց ԱԺ նախագահը:

Դին Շպիլմանը բարձր գնահատեց հայ 4 իրավաբանների աշխատանքը Եվրոպական դատարանում և հույս հայտնեց, որ Հայաստանից նոր երիտասարդ իրավաբաններ կգործուղվեն ՄԻԵԴ, քանի որ դատարանը իր ծանրաբեռնվածության պատճառով լրացուցիչ իրավաբանների կարիք ունի: Ըստ Շպիլմանի` դա կարևոր է և արդյունավետ նաև փորձի փոխանակման առումով: ՄԻԵԴ նախագահը անդրադարձավ նաև Հայաստանին վերաբերող գործերին` նշելով, որ դրանք տարբեր աստիճանի բարդություն ունեն, սակայն մեծ թիվ չեն կազմում: Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի գործին` Դին Շպիլմանը նշեց, որ Եվրոպական դատարանը նման զգայուն գործերի փորձ ունի և ՄԻԵԴ գնահատականը միանշանակ կլինի իրավական: