28 հունիսի 2013 - 14:38 AMT
Բաբայան. Մենք չենք ուզում պատերազմ, արդեն անցել ենք այն. Ալիևը չի անցել, դա է նրա ռոմանտիկայի պատճառը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատերազմական հռետորիկայով հայտարարությունները դարձել են ավանդական: Վերջինը Ադրբեջանի ԶՈւ 95-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ հնչեց: Այս անգամ Ալիևը իր ժողորվդին վստահեցրեց, որ իրենց դրոշը ծածանելու են Շուշիի և Ստեփանակերտի վրա:

Ալիևի` ռոմանտիկայի ժանրից այս հայտարարությունը Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքով պետք է արժանանա միջազգային հանրության ուշադրությանը: «Ադրբեջանը դարձել է մի ահաբեկչական պետություն, որն անընդհատ սպառնում է իր հարևաններին: Ալիևին իր այդ ելույթում նշել է, որ բանակը պատրաստ է կատարել գերագույն գլխավոր հրամանատարի հրամանները, այսինքն, փաստորեն, նա իր վրա է նաև վերցնում իրավիճակի բարդեցման պատասխանատվությունը: Սա այն դեպքում, երբ բազմիցս նշվել է, որ պատերազմական գործողություններով հարցի լուծումը պետք է բացառել»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:

Նա նկատեց, որ այս հայտարարությունը ևս մեկ անգամ լուրջ անհանգստություն պետք է առաջացնի միջազգային հանրության մոտ, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներում: «Սա չի նշանակում, որ Արցախը վախեցած է: Մենք Հայաստանի հետ միասին ի վիճակի ենք ոչ միայն դիմակայել, այլև հարկ եղած դեպքում այնպիսի հակահարված տալ, որ Ադրբեջանը երբեք չվերականգնվի նման զարգացումից հետո: Բայց ինչո՞ւ հասնենք նման վիճակի»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակն ընդգծեց, որ Ալիևը որևէ հնարավորություն չի թողնում կառուցողական երկխոսության համար: Ադրբեջանի նախագահը միշտ անում է այնպիսի հայտարարություններ, որոնք հակասում են այլ պետությունների շահերին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին: Իսկ վերջերս նրանք ևս մեկ անգամ հայտարարեցին, որ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: «Հիմա եթե Ալիևն ասում է, որ ադրբեջանական դրոշը պետք է ծածանվի Շուշիում և Ստեփանակերտում, բնական է` կամ այդ մարդը հիվանդ է, կամ այլ խնդիրներ ունի: Միջազգային հանրությունը պետք է լուրջ քայլեր անի նրան զսպելու համար: Եթե չարվի դա, ապա ստիպված զսպողը մենք ենք լինելու և իհարկե իրավիճակը բոլորովին այլ կլինի: Մենք չենք ուզում պատերազմ, քանի որ արդեն անցել ենք այն: Ալիևը չի անցել, դրա համար է նրա այդ ռոմանտիկան: Իսկ մենք գիտենք, որ ռոմանտիկան շատ շուտ ցնդում է, երբ որ գալիս է իրականությունը»,- շեշտեց Դավիթ Բաբայանը:

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ 95-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է: Եվ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև ժամանակակից Հայաստանը, որը ստեղծվել է Իրևանի խանության հողերի վրա, որոնք Ադրբեջանի պատմական հողերն են: Չեմ կասկածում, որ հակամարտությունն իր արդար լուծումը կստանա և Ադրբեջանի դրոշը կծածանվի Շուշիի ու Խանքենդիի վրա»: