28 հունիսի 2013 - 17:26 AMT
2013թ. հունիսին մայիսի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում գները նվազել են 0.1%-ով

2013թ. հունիսին Հայաստանի սպառողական շուկայում 2012թ, նույն ժամանակաշրջանի համեմատ գրանցվել է 2,7-տոկոսանոց գնաճ: Ինչպես հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները աճել են 3,2 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքներինը աճել են 0,9 տոկոսով, սակագները ծառայությունների ոլորտում աճել են 2,7 տոկոսով:

2013թ. հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գների ընդհանուր մակարդակը նվազել է 0.1%-ով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.5%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.1%-ով, իսկ ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0.9% հավելաճ:

Հանրապետության դիտարկվող 6 քաղաքներում 2013թ. հունիսին մայիսի համեմատ սպառողական գները նվազել են 0.3-0.1%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում), իսկ մյուս 5-ում գրանցվել է 0.1-0.4% գնաճ: Մայրաքաղաքում սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.1%-ով: