15 փետրվարի 2006 - 19:38 AMT
Փետրվարի 20-ին Մոսկվայում տեղի կունենա Արտո Թունջբոյաջյանի «Armenian Navy Band» համույթի համերգը
2006 թվականի փետրվարի 20-ին Մոսկվայում տեղի կունենա Արտո Թունջբոյաջյանի «Armenian Navy Band» ավանգարդ-ֆոլկ համույթի համերգը: Համերգը տեղի կունենա Էստրադայի թատրոնում: Խումբն առաջին անգամ է մեկնում Ռուսաստան: «Ավանգարդ-ֆոլկ» ուղղությունն այսօր շատ նորաձեւ է եւ պահանջարկ է վայելում Եվրոպայում: Այն ինչ նվագում է «Armenian Navy Band»-ը, եվրոպացի քննադատներն անվանում են «լեռնային հոսանք, որը հեղեղել է հոլիվուդյան դիկսիլենդը»: «Armenian Navy Band»-ի կողմից օգտագործվող գործիքները հայկական ժողովրդական գործիքների (դուդուկ, բլուլ, զուռնա) խառնուրդ է ժամանակակից գործիքների հետ` սաքսոֆան, տրոմբոն, բաս, ստեղնային գործիքներ: Պերկուսիոնիստ, երգիչ եւ երգահան Արտո Թունջբոյաջյանը ծնվել է Թուրքիայում, ապրել է ԱՄՆ-ում եւ միայն անցյալ դարավերջին է վերադարձել իր պատմական հայրենիք: Նա թողարկել է շուրջ 20 ալբոմ, երաժշտություն է գրել կինոֆիլմերի համար:

90-ականների վերջին Արտո Թունջբոյաջյանը Երեւանում հավաքեց հանրապետության 12 լավագույն երաժիշտներից կազմված մի խումբ եւ սկսեց ակտիվ ստեղծագործական աշխատանք: Ավելի ուշ, նրան հաջողվեց կազմակերպել մասնագիտացված Avantgarde Fok Music Club-ը, որն այսօր հսկայական ժողովրդականություն է վայելում: «Armenian Navy Band»-ը մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների, համերգային շրջագայություններ է ունեցել բազմաթիվ եվրոպական եւ արեւելյան երկրներում: Խումբն արդեն 4 սկավառակ է ձայնագրել` «Bzdik Zinvor» (1999), «New Apricot » (2001), «Sound of Our Life» (2003), «How Much Is Yours?» (2005): Առաջիկայում հայ երաժիշտներին սպասում են Բարսելոնում եւ Մադրիդում, Քյոլնում եւ Լոնդոնում: