Ազգային ժողովում «Թափանցիկությունը պաշտպանության կառավարման ոլորտում» թեմայով լսումների ժամանակ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ իրականացվում են աշխատանքներ, որոնք նպատակ ունեն վերացնել ոլորտում առկա խնդիրներն ու ամրապնդել հասարակության վստահությունը բանակի հանդեպ: Օրինակ` հաջորդ տարվանից նախատեսվում է զինակոչիկի ծառայության վայրի ընտրության ձևի փոփոխություն: Համաձայն այդ փոփոխության զինակոչիկների ծառայության վայրը կարող է ընտրվել վիճակահանությամբ:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ որոշումը դեռ վերջնական չէ` քննարկման փուլում է:
«Զորակոչի ընթացքն ավելի վերահսկելի, թափանցիկ դարձնելու նպատակով միշտ են նման ծրագրեր քննարկվում: Եվ դրանց բոլորի խնդիրը բանակում տեղի ունեցող գործընթացների արդյունավետությունը բարձրացնելն է, ռիսկերը բացառելը», - ասաց նա: