17 փետրվարի 2006 - 16:08 AMT
Սաֆարովին տարվա մարդ հյատարարելը հայ ազգի համար վատ ազդանշան է
Հայաստանը զղջում է Բաքվում Ռամիլ Սաֆարովին տարվա մարդ հայտարարելու կապակցությամբ: Այդ մասին այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Այդ քայլը խոսում է Ադրբեջանում շարունակվող հակահայկական քաղաքականության մասին, եւ հայ ազգի համար վատ ազդանշան է: Ադրբեջանը սխալ ուղու վրա է, եւ այդ կարգի քայլերը չեն աջակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ամուր հիմքեր ստեղծելուն: Ներկայումս երկու ազգերի միջեւ բացակայում է երկկողմանի վստահությունը, առանց որի բարդ է առաջխաղացման հասնել»,- նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
Նշենք, որ Ադրբեջանի Ազգային-դեմոկրատական կուսակցությունը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին հայտարարել է 2005 թվականի տարվա մարդ:
Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում էր գտնվում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի դասընթացներին մասնակցելու նպատակով, գազանաբար կացնահարվել էր ադրբեջանցի սպա, նույն դասընթացների մասնակցի կողմից: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 հոդվածով (առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն եւ մեկ այլ անձի հանդեպ կատարված մահափորձ), որով նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն: