2 հուլիսի 2013 - 17:08 AMT
Մուշի բնակիչները փնտրում են հայերի ոսկիները` քանդելով իրենց տները

Թուրքական «Թաքվիմ» թերթը տեղեկացնում է, որ մինչ Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը (TOKİ) կիրականացնի Մուշ քաղաքի կենտորնական Քալե թաղամասի քաղաքաշինական նախագիծը, որոշ բնակիչներ հայերի թաքցրած ոսկիները գտնելու հույսով սկսել են քանդել ու փորել իրենց տունն ու հողը: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:

Մոտավորապես 2.000 բնակիչ ունեցող այդ թաղամասում կա շուրջ 300 վթարային տուն: Պատկան մարմինները թեև նախազգուշացրել են բնակիչներին, որ շինարարական միջամտություն է լինելու, բայց որոշ տանտերեր առանց համբերելու իրենք իրենց հնարավորություններով սկսել են քանդել տները, փորել տակի հողը` պահ տրված ոսկիներ գտնելու հույսով: Մինչև 1915 թվականը հայկական հոծ բնակչությամբ հագեցած Քալե թաղամասի ներկայիս բնակիչները ապրում են հայերից մնացած ոսկիները մի օր գտնելու երազանքով:

Մուշի քաղաքապետ Նեջմեթթին Դեդեն հաստատել է այդ տեղեկությունը` ասելով. «Բայց մինչև հիմա գտնված ոսկի չկա»:

Մուշը քաղաք գտնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս նահանգում: Մուշն իր երկարաձիգ պատմության ընթացքում հիշատակվել իբրև տարբեր կարգի բնակավայր՝ երբեմն բերդ, երբեմն՝ ավան, գյուղաքաղաք։ Սակայն 19-20-րդ դարերից այն արդեն մեր մատենագիրների մոտ ամենուրեք հիշատակվում է որպես քաղաք։ Մուշը բավականին երկար ու հին պատմություն ունի։ Այստեղ հայտնաբերվել է ուրարտական Մենուա թագավորի սեպագիր արձանագրությունը։ Քաղաքի շրջակայքում էլ նկատվել են կիկլոպյան ամրոցների հետքեր։