Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի 1-ին հանդիպման ժամանակ Գյումրու քաղաքային ստադիոնում «Շիրակը» հանդիպեց Սան Մարինոյի «Տրե Պենե» թիմի հետ:
Տանտերերն ակտիվ սկսեցին խաղը և 9-րդ րոպեին կարող էին հաշվի մեջ առաջ անցնել: Սակայն «Շիրակի» ֆուտբոլիստ Դամ Դիոպը չկարողացավ հաջող իրացնել 11-մետրանոցը:
Արդեն 36-րդ րոպեին «Շիրակից» Ֆոֆանա Բեկոն կարողացավ շրջանցել մրցակցի դարպասապահին և բացել խաղի հաշիվը` 1:0:
Երկրորդ խաղակեսը ևս հայաստանյան ակումբի ֆուտբոլիստները սկսեցին ակտիվ: Կարեն Մուրադյանի փոխանցումից հետո էլ 55-րդ րոպեին Բեկոն գրավեց մրցակցի դարպասը:
Այս խաղի իսկական հերոսը դարձավ հենց Բեկոնը: Նա 9 րոպե անց կրկին կարողացավ ազատվել մրցակցի պաշտպաններից և խփել իր թիմի երրորդ գնդակը` դառնալով հեթ-տրիկի հեղինակ:
Մինչ խաղավարտն էլ «Շիրակի» խաղացողները կարողացան իրենց ձեռքում պահել խաղը և հաղթել 3:0 հաշվով: Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին: