Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարանը «Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի» գործով դատավճիռը կհրապարակվի հուլիսի 16-ին:
«Մատաղիսի գործ»-ով նախկին մեղադրյալներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը Գագիկ Ջհանգիրյանից պահանջում են հատուցել իրենց պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը և հրապարակային ներողություն խնդրել: Նրանց արդարացման վճռից հետո ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով դատավճիռը, Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել էր. «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:
2003-ին դեռ զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը մեղադրվում էին իրենց ծառայակիցներ Ռոման Եղիազարյանին և Հովսեփ Մկրտումյանին սպանելու համար: 2005 թվականին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը «Մատաղիսի» գործով մեղադրվող Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 15 տարվա ազատազրկման: 2006 թվականի դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ գործն ուղարկել է նոր նախաքննության` բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը (ցմահ ազատազրկում Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին): 2007 թվականի վերջին սկսվել էր նոր դատաքննություն: 2012-ի դեկտեմբերի 18-ին նրանք արդարացվել են: