3 հուլիսի 2013 - 16:05 AMT
Սանկտ Պետերբուրգում Երևանի օրեր են

Հուլիսի 3-6-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաք:

Հուլիսի 3-ին Տարոն Մարգարյանը նախ այցելել է Պետրոպավլովյան ամրոց, շրջել ու ծանոթացել է Սանկտ Պետերբուրգի պատմության թանգարանի մասը կազմող ամրոցի տարածքին:

Այնուհետ տանտերերը քաղաքապետին հրավիրել են ամրոցի Նարիշկինի աշտարակ, որտեղից ամեն օր թնդանոթային համազարկով ազդարարվում է կեսօրը: Այս ավանդույթն, ի դեպ, սկիզբ է առել դեռևս Պետրոս Առաջինի կառավարման ժամանակաշրջանից: Ժամանակ առ ժամանակ թնդանոթային համազարկի իրավունքը վերապահվում է նաև Սանկտ Պետերբուրգի պատվավոր հյուրերին:

Հուլիսի 3-ի կեսօրյա համազարկի իրականացման իրավունքը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ի հիշատակ իրականացված համազարկի, թանգարանի տնօրինությունը թնդանոթի արդեն կրակած պարկուճը՝ համապատասխան գրառումով, նվիրել է Տարոն Մարգարյանին, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: