3 հուլիսի 2013 - 21:31 AMT
ԱԳՆ. Եգիպտոսում գտնվող ՀՀ 400-ից ավելի քաղաքացիները չեն տուժել միջադեպերից

Եգիպտոսում ներքաղաքական գործընթացները զարգանում են ժամ առ ժամ: Վերջին տվյալով մայրաքաղաք կահիրեի գլխավոր հրապարակներ են մտցվել ռազմական տեխնիկա և զինվորականներ: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը նշեց, որ բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով այս պահին Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներից ոչ մեկը չի տուժել: «Այս օրերին Եգիպտոսում են գտնվում 400-ից ավելի ՀՀ քաղաքացիներ: Մենք օնլայն հետևում ենք իրադարձությունների ընթացքին», - ասաց Տիգրան Բալայանը:

Այսօր առավոտյան ԱԳՆ հայտարարություն էր տարածել, որով կոչ էր անում ՀՀ քաղաքացիներին առանց հույժ անհրաժեշտության զերծ մնալ Եգիպտոս այցելություններից: Իսկ արդեն Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին ԱԳՆ խորհուրդ է տալիս զերծ մնալ զանգվածային կուտակումների վայրերից և որևիցե խնդրի առաջացման դեպքում անմիջապես կապ հաստատել Կահիրեում ՀՀ դեսպանատան հետ, որտեղ սահմանված է հերթապահություն՝ հետևյալ հեռախոսահամարով՝ +202 27374157: