4 հուլիսի 2013 - 15:48 AMT
Էրմիտաժում բացվել է Ուրարտական ժամանակաշրջանը ներկայացնող ցուցահանդեսը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Երևանի օրերի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրմիտաժ: Պետական թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին, դիմավորելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին, առաջարկել է նախ կարճ էքսկուրս կատարել աշխարհահռչակ թանգարանի որոշ ցուցասրահներում:

Հյուրընկալ տանտիրոջ իրավունքով, Միխայիլ Պիատրովսկին անձամբ ուղեկցել և Տարոն Մարգարյանին ու քաղաքապետին ուղեկցող երևանյան պատվիրակության անդամներին է ներկայացրել թանգարանի մշտական ցուցադրությունների հարուստ հավաքածուների որոշ նմուշները: Անդրադարձ կատարելով Էրմիտաժի մեկուկեսդարյա պատմությանը՝ աշխարհահռչակ թանգարանի տնօրենը տեղեկացրել է, որ ներկայում Էրմիտաժում պահպանվում են ավելի քան երեք միլիոն մշակութային արժեքներ:

Այնուհետ Միխայիլ Պիատրովսկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղեկցել է Էրմիտաժի «Ուրարտու» մշակույթի և արվեստի ցուցասրահ, որտեղ ներկայացված էին Ուրարտական ժամանակաշրջանի բացառիկ ցուցանմուշներ:

Թանգարանի տնօրենի հավաստմամբ՝ ներկայացված ցուցանմուշների մեծ մասն իսկապես բացառիկ են և իրենց ուրույն տեղն են գրավում աշխարհահռչակ թանգարանի հարուստ հավաքածուում:

Ուրարտական ցուցանմուշների դիտումից հետո Միխայիլ Պիատրովսկին քաղաքապետին հրավիրել է ծանոթանալու նաև Էրմիտաժի Հայկական մշակույթի մշտական ցուցասրահում ներկայացված բացառիկ արժեքներին:

Ներկայացված ցուցադրությունները դիտելուց հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Միխայիլ Պիատրովսկուն ջերմ ընդունելության ու ցուցանմուշներն անձամբ ներկայացնելու, ինչպես նաև Էրմիտաժում հայկական մշակութային արժեքների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի համար, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: