4 հուլիսի 2013 - 17:30 AMT
Ծիրանը Հայաստանում դժվարությամբ է իրացվում նույնիսկ 50 դրամով 1 կգ համար

Հայաստանում ծիրանի մթերման գործընթացը սկսվել է 20 օր առաջ, այդ ընթացքում վերամշակող ընկերություններն արդեն մթերել են շուրջ 4 500 տոննա ծիրան նախորդ տարվա 2060 տոննայի համամետ: Այդ մասին ՀՀ կառավարության նիստից առաջ հուլիսի 4-ին հայտարարել է գյուղնախարար Սերգո Կարապետյանը: «Ծիրանն այնքան շատ է, որ դժվարությամբ է իրացվում նույնիսկ 50 դրամով մեկ կգ համար, չնայած, որ մայիսի 12-ի կարկտահարությունից հետո մտահոգություն կար, որ բերքը առատ չի լինի»,-ասել է նա:

Նախարարն ասել է, որ Հայաստանից արտահանվել է շուրջ 12 հազար տոննա, այն դեպքում, երբ նախորդ տարվա ընթացքում արտահանվել է ընդհանուր առմամբ 12 200 տոննա, ակնկալվում է ևս 5-6 հազար տոննա:

Սերգո Կարապետյանը հավելել է, որ այս տարի գյուղմթերքի աննախադեպ բարձր բերք է սպասվում, այդ թվում նաև կարտոֆիլի: Մասնավորապես, արդեն հավաքվել է կարտոֆիլի նոր բերքի 80 տոկոսը, բերքատվության ցուցանիշը հասնում է 230-250 ցենտների մեկ հեկտարից:

Գյուղնախարարը նշեց նաև, որ պատշաճ մակարդակով կկազմակերպվի նաև դեղձի ու խաղողի մթերումը: