4 հուլիսի 2013 - 17:42 AMT
ՀՀ ԱԺ-ում իրավունքի գերակայության մասին համաեվրոպական խորհրդաժողովի ավարտին հուշագիր ընդունվեց

Այսօր ՀՀ Ազգային ժողովում շարունակվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում անցկացվող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» երևանյան համաեվրոպական խորհրդաժողովի աշխատանքը: Առաջին նիստում, որը նախագահում էր ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց զեկույցները ներկայացրին «Օրենքների և այլ իրավական ակտերի դատական վերահսկողությունն անկախ դատական մարմինների կողմից, տարբեր երկրների փորձը սահմանադրական վերահսկողության արդյունավետ համակարգի արմատավորման և այդ հարցում իշխանության տարբեր մարմինների հետ փոխգործակցության ոլորտում» թեմայի վերաբերյալ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, Վենետիկի Հանձնաժողովի փորձագետ Անդրաս Շայոն «Սահմանադրական դատարանները և ժողովրդական ներկայացուցչությունը» ելույթում ներկայացրեց իր երկրում սահմանադրական վերահսկողության փորձը, տարիներ առաջ Հունգարիայում մահապատժի վերացման վերաբերյալ կայացված որոշումը և դրա հանրային արձագանքներն ու Սահմանադրական դատարանի դիրքորոշումը: Զեկույցերով հանդես եկան նաև Բելառուսի Սահմանադրական դատարանի նախագահ Պյոտր Միկլաշևիչը, Լեհաստանի Սահմանադրական տրիբունալի անդամ Ոյսեխ Հերմելինսկին, Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի դատավոր Միխայիլ Կլեանդրովը, Անդորայի Սահմանադրական դատարանի փոխնախագահ Լաուրենս Բուրգորգ-Լարսենը:

Հաջորդ նիստում «Մարդու իրավունքների պաշտպանի փոխգործակցությունը պետական իշխանության և տեղական ինքնակառավարման տարբեր մարմինների հետ իրավունքի գերակայության սկզբունքի արդյունավետ իրացումը երաշխավորելու գործում» թեմայի վերաբերյալ հնչեց մեկ թեմատիկ զեկույց, որը ներկայացրեց Մոլդովայի Հանրապետության խորհրդարանական փասատաբան Աուրելիա Գրիգորիուն: Նա խոսեց «սառեցված հակամարտություների» տարածքում մարդու իրավունքների պաշտպանությունից:

Խորհրդաժողովի ավարտին ընդունվեց «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» խորագրով հուշագիր: