4 հուլիսի 2013 - 18:05 AMT
Բրազիլիայի դեսպան. Բրազիլիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը

Հուլիսի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպան Էդմոն Մարինյու Դուարտե Մոնտեյրուին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, շնորհավորելով դեսպան Մոնտեյրուին նշանակման կապակցությամբ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի ու Բրազիլիայի միջև ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր առաքելության ընթացքում իր ներդրումը կունենա երկու երկրների համագործակցության խորացման գործում:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար դեսպան Մոնտեյրուն ասաց, որ Բրազիլիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և ինքը կանի առավելագույնը տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու նպատակով:

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընլդայնմանը, գործարար կապերի խթանմանը, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացմանը, մշակութային և կրթական ոլորտներում փոխգործակցության նպատակով քայլերի ձեռնարկմանը: