«Համահայկական բանկ» ԲԲԸ-ն և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կնքել են համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են Համահայկական բանկի գլխավոր գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցը և Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Համագործակցության շրջանակներում կողմերը հանդես կգան համատեղ ֆինանսավորման ծրագրերով: Հուշագրի ստորագրումը նպատակ ունի համագործակցության արդյունքում ընդարձակել ֆինանսավորման հնարավորությունները ներդրումային ծրագրեր իրականացնող ձեռնարկությունների համար, որոնց գործունեությունը հիմնականում միտված է արտահանմանը:
Բանկերի ղեկավարները նշել են, որ այս համագործակցությունը, ստեղծելով նոր հնարավորություններ երկարաժամկետ ֆինանսավորման համար, կխթանի հայրենական տնտեսության զարգացումը, տեղական ընկերությունների մրցունակության բարձրացումը արտաքին շուկաներում, ինչպես նաև կնպաստի Հայաստանում զբաղվածության մակարդակի բարձրացմանը:
Կողմերը հանդես կգան նաև համատեղ ֆինանսավորման հեռանկարների ուսումնասիրությամբ: