5 հուլիսի 2013 - 15:46 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Ոսկե ծիրան». Էկրանավորման 35-ամյակի առթիվ «Միմինոն» կցուցադրվի Գյումրիում

«Ոսկե ծիրան» կինոփառատոնում արդեն ավանդական դարձած ԱՊՀ երկրների ծրագրին այս տարի ավելացել է Ռուսական ծրագիրը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ոսկե ծիրան»-ի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, Ռուսական ծրագիրն ավելացվել է ՌԴ մշակույթի նախարարության առաջարկով ու հովանավորությամբ:

«Ռուսական ծրագրում ընդգրկել ենք վերջին «Կիոնտավր»-ին մասնակցած, մրցանակներ ստացած մի քանի ֆիլմեր»,- ասաց Ստամբոլցյանը` հավելելով, որ դրանք նորագույն ռուսական ֆիլմերն են, «նորագույն ալիքի ներկայացուցիչները»:

ԱՊՀ երկրների կինոն ծրագրի համակարգող Անահիտ Ղազարյանն իր հերթին նշեց, որ ծրագրի այս տարվա խորագիրն է «ԱՊՀ երկրների կինոն Գյումրիում` ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաքում»:

«Ծրագրում ներկայացված է 15 ֆիլմ ԱՊՀ տարբեր երկրներից` Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից… Եվս մեկ հատկանիշն այն է, որ ընդգրկվել է երկու հայկական ֆիլմ, ինչը երկու տարվա ընթացքում որպես փառատոնի տերեր չէինք անում»,- նշեց Ղազարյանը, իսկ Ստամբոլցյանը հավելելոց, որ այդ երկու հայկական ֆիլմերից մեկը Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ»-ն է:

Ղազարյանը նաև նշեց, որ 16-րդ ֆիլմը, որը կցուցադրվի Գյումրիում, «Միմինո»-ն է` ֆիլմի էկրանավորման 35-ամյակի առթիվ: Իսկ կբացվի ծրագիրը հուլիսի 9-ին` Գյումրիում:

Ինչ վերաբերում է Ռուսական ծրագրին, ապա ծրագրի համակարգողը նշեց, որ այն նոր է այս տարվա համար:

«Այստեղ ընդգրկված են վեցը ֆիլմեր, երեքը ներկայացված էին Սոչիի «Կինոտավր»-ում, երկուսը մի քանի մրցանակ են շահել` լավագույն օպերատորական աշխատանք, լավագույն դերասանուհի»,- նշեց Ղազարյանը` հավելելով, որ ֆիլմերի մեծ մասն ունի տարիքային սահմանափակում:

Անդրադառնալով Վրացական ծրագրին, Անահիտ Ղազարյանը նշեց, որ այստեղ ներկայացված են նաև երիտասարդ ստեղծագործողների ֆիլմեր` «Ժպտա», «Մեքենան, որն ամեն ինչ խժռում է»:

Ինչպես ընդգծեց փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, վրացիները «խնդրել է մեր նախարարին վրացական կինոյի ավելի մեծ շրջանակ ընդգրկել»:

ՖՈՏՈՇԱՐՔ